ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Օրենքով գողեր. ովքե՞ր են նրանք

Օրենքով գողեր. ովքե՞ր են նրանք
05.02.2013 | 00:34

Վերջերս գնդակահարվեց Ռուսաստանի քրեական աշխարհի առաջին դեմքերից մեկը` Դեդ Հասանը։ Նրա մահից հետո տարբեր ուսյալ և անուսյալ «քրեագետներ» սկսեցին կարծիքներ տիրաժավորել, թե ո՞վ է օրենքով գողը, և ի՞նչ է կազմակերպված հանցագործությունը։ Այս և ածանցյալ խնդիրները պարզաբանելու խնդրանքով դիմեցինք ներքին գործերի քրեական հետախուզության և 7-րդ վարչության նախկին պետ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ։

-Սկզբի համար սահմանենք` ի՞նչ է նշանակում օրենքով գող:
-Հանցագործ աշխարհի տիտղոս, որ տրվում է պարտադիր երեք տիտղոսավոր անձանց կողմից և ունի պարտավորությունների ու պարտականությունների, իրավունքների մի ամբողջ շարք:
-Ո՞Ւմ առաջ են պարտավորությունները և ո՞ւմ նկատմամբ` իրավունքները:
-Տիտղոսավորների: Եթե օրենքով գողը շեղվում է պարտավորություններից ուրիշների առաջ, պատժել կարող են միայն օրենքով գողերը: Մինչև 1961 թ. Ռոստովի сходка-ն պատիժը հիմնականում մեկն էր` սպանում էին: Սխոդկան նվազագույնը երեք օրենքով գողերի հավաքն է, եթե նրանք նայում էին դեպի պատը, օրենքով գողը վերածվում էր сука-ի և պարտավոր էր ձեռքերը վեր պարզած կանգնել պատի մոտ, շարքային հանցագործներից մեկը իրականացնում էր մահապատիժը: Օրենքով գողը պետք է помазанный չլիներ` նրա ձեռքերը չէին կարող արյունոտվել. ապրանքը, նյութը մարդու կյանք չարժի, ուստի չի կարելի մարդու կյանք խլել, կարող ես խլել գողանալով, բայց ոչ երբեք սպանելով: Այս առաքինի քայլով օրենքով գողերը տարբերվում էին հանցագործ աշխարհից: Մինչև 1961 թվականը: Ռոստովի սխոդկայում բարձրացվեց նաև կանանց հարցը:
-Կանա՞նց:
-Հանցագործ աշխարհի կանանց կարգավիճակի` малина պահողների, барыга-ների` նրանց, որ երբեք չէին դավաճանում: Ռոստովի сходка-ն բանաձևեց, որ գողի հետ քնողը գող չի կարող լինել, ընդամենը կարող է գող սիրող լինել: Որոշվեց, որ գող կարող է ճանաչվել այն անձը, որ երբեք պետական կառույցների հետ շփում չի ունեցել:
-Իսկ եթե բանտարկվե՞լ է, շփում չէ՞:
-Ոչ, ինքը կամավոր չի գնացել բանտ: Ի՞նչ է նշանակում շփում: Կուսակցական չի եղել, չի աշխատել` աշխատանքն արդեն շփում է ու ենթակայություն, ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրել` ոչ մի պարտավորություն չի ստանձնել: Պարտավորությունների ամբողջ իմաստն այն էր, որ օրենքով գողը պետք է ազատ լինի, բացարձակապես ազատ, որ վախվորած հայացքով հետ չնայի, որ նրան հնարավոր չլինի վարկաբեկել: Նա չէր կարող ընտանիք ունենալ, հիշեք, որ խորհրդային ժամանակներում քաղաքացիական ամուսնություն հասկացությունը չկար: Օրենքով գողը չէր կարող գրանցված լինել զագսում, թեպետ կնոջ հետ հարաբերություններն արգելված չէին:
-Իսկ երեխա՞ն, պարտավորությո՞ւն էր ընկալվում:
-Աչք էին փակում հիմնականում, երեխան պարտավորություն է, որ կաշկանդում է և կարող է վարքագիծ փոխել: Օրենքով գողը չէր կարող ծառայել բանակում` նա չէր կարող ուսադիր (погонатый) կրել և որևէ մեկի ենթական լինել: Օրենքով գողը իրավունք չուներ պետական որևէ միջոցառման մասնակցելու, այլապես հավասարվում էր сука-ի: 1961-ից հետո նման հավաք, երբ Սովետական Միության անվանի օրենքով գողերը հավաքվեին մի վայրում, Սվոյ Ռաֆի հարսանիքն էր, որին մասնակցում էին 380 օրենքով գողեր` 25-ից 85 տարեկան: Սվոյ Ռաֆը այդ միջավայրում անխոս լիդեր էր` ԽՍՀՄ-ի եվրոպական հատվածից Կովկաս, Միջին Ասիայի տերը Հադրութցի Նարեկն էր: ԽՍՀՄ-ում մի պահ ամեն ինչ կիսված էր երկու գողերի միջև, բայց կար երրորդը` Գոգա Երևանսկին: Զարմանալիորեն կրթված, փայլուն հիշողություն ու տրամաբանություն ունեցող մարդ, որ այլ պայմաններում կարող էր ակադեմիկոս դառնալ: Գողական միջավայրում ցանկացած չլուծված հարցում վերջնականը Գոգայի խոսքն էր:
-90-ական թթ.` ԽՍՀՄ-ի փլուզումը, նոր հանրապետությունների ձևավորումը, տնտեսակարգի փոփոխությունը ի՞նչ անդրադարձ ունեցան գողական աշխարհում:
-Նախ հասկանանք` ինչպե՞ս առաջացան օրենքով գողերը: ԽՍՀՄ-ում շատ հետաքրքիր քաղաքականություն էր վարվում հանցագործ աշխարհը «սոցիալիստական ռելսերի» վրա դնելու ուղղությամբ: Անծայրածիր երկիրը ցարական Ռուսաստանից ժառանգել էր նաև հանցագործ աշխարհը: Ռեպրեսիաները սկսվեցին արդեն 1920 թվականից, երբ ռազմական կոմունիզմի կառուցման կուրս վերցվեց, որն իրեն չարդարացրեց, և երբ տեսան, որ սովամահ են լինում, անցան նոր տնտեսական քաղաքականությանը` ՆԷՊ-ին: Մինչև 1927-28 թթ. ուսյալ և իրենց մասնագիտությանը լավ տիրապետող բազում ազնվականներ հայտնվեցին սովետական միլիցիայում և բանվորագյուղացիական միլիցիային սովորեցրին, թե ինչ է розыск-ը, сыск-ը, օպերատիվ աշխատանքը: Կադրային լրջագույն դարբնոց ստեղծվեց, որ հետո նախարարներ, փոխնախարարներ դարձան երկրի մասշտաբով: 30-ականներին խնդիր առաջացավ պահպանելու համակենտրոնացման ճամբարները, որ անկառավարելի էին դառնում կրթված մարդկանց համալրումով: Բարձրագույն կրթություն, ինքնուրույն աշխարհայացք ունեցող, գործող կարգերի նկատմամբ պաշտոնապես թշնամաբար տրամադրված համարվող մարդկանց հայտնությամբ ճամբարներում խռովություններ սկսվեցին: Անծայրածիր Ռուսաստանում, որտեղ մի ճամբարն ավարտվում էր մյուսով և սկսվում էր հաջորդը, խռովությունը նշանակում էր երկրի կործանում:
-Եվ` գողականների բախտը բերե՞ց:
-Այդ ժամանակ երկիրը ղեկավարում էր մի մարդ, որ անձամբ անցել էր բանտերով, փայլուն գիտեր շկոլան: Չլինելով օծված գող` Տուրուխանսկում նա Յակով Սվերդլովին ղեկավարում էր հայացքով ու անկոտրումի համբավ ուներ: Ստալին` պողպատե, մականունը ուղիղ բնութագրում էր նրան: Ճամբարներում որպես կանոն 2000 բանտարկյալի վերահսկում էր 100-150 պահնորդ, նշանակում էր` փոքր ուժերով պետք էր պահել հսկայական ճամբարը: Իհարկե, օգնում էր հրազենը, օգնում էին շները, փշալարերը, բայց քիչ: Ներքին որոշում կայացվեց` թույլ տալ, որ հանցագործ աշխարհն իշխի ճամբարներում: Դա արդեն նոր կարգ ու կանոն, նոր իրավունքներ էր բերում գողական աշխարհ, որն ավարտվեց գվարդիաների ստեղծումով:
-Ի՞նչ գվարդիաներ, ի՞նչ իրավասություններով:
-Առաջին գվարդիաները ստեղծվեցին 1954 թվականին, Հայաստանում` 1956-1957 թթ., երբ խուլիգանական խմբերին իրավունք տրվեց առանց դատուդատաստանի ծեծել գողականին: Առաջ գողը գալիս էր թաղ և այնտեղ տեր էր: Սկսվեց նրանից, որ ճամբարներում ղեկավարությունը мужик-ներին և баклан-ներին ասաց` ծեծեք գողերին, և նրանք հարձակվեցին կարգավիճակով իրենցից բարձրերի վրա: 1953 թվականից օրենքով գողերին սկսեցին ուղղակի ջարդել: Դա Բերիայի հրամանով էր, ասում էին` սրանց կոտրեք, ազատություն ենք տալիս: Մեծ ամնիստիա եղավ, հազարավոր հանցագործներ ազատ արձակվեցին: Ճիշտ է, շատերին կայարաններից հետ բերեցին, բայց խոստումը կատարեցին: 1958 թ. կալանավայրերի կանոնակարգում կետ ավելացվեց, որ գաղութի կամ ճամբարի պետն իրավունք ունի վաղաժամկետ-պայմանական ազատելու, ազատվողները հիմնականում խուլիգաններն էին, որ իրենց ճամբարներում փշրում էին գողականներին: Պետք էր կոտրել կարծրատիպը, թե գողականի խոսքը օրենք է:
-Փշրում էին գողերի՞ն, թե՞ գողական գաղափարախոսությունը:
-Գաղափարախոսությունը չփշրվեց, մի քանի անգամ ավելի վտանգավոր դարձավ: Երբ այսօր ասում ենք կազմակերպված հանցագործություն, անկյունաքարը օրենքով գողն է: 30-ական թթ. «Կոզա նոստրան», գանգստերական միավորումները, օրենքով գողերը կազմակերպական նույն կառույցներով էին գործում` որքան էլ տարօրինակ թվա ազատ աշխարհի ու երկաթե վարագույրով աշխարհից առանձնացված ԽՍՀՄ-ի դեպքում: Հենքը նույն գաղափարախոսությունն էր: Հանցագործ աշխարհը պետության հուժկու ձեռքի տակ մի քանի տրանսֆորմացիաներ է անցել: Առաջինը ճամբարներն ինտելեկտուալներից պահպանելու համար գողականին օգտագործելն էր: Երբ պատերազմից հետո այդ խնդիրը լուծված էր, գողականներն արդեն պետք չէին: Մինչև պատերազմը ցարական Ռուսաստանի պատկերը շատ թարմ էր, սեփականության գաղափարը դեռ գործում էր, պատերազմում փառապանծ հաղթանակից հետո դրա կարիքը չկար` խնդիրը չկար, կատարողների կարիքը չկար, և մեջտեղ եկան արդեն հիշատակածս գվարդիականները` սովորական թաղի տղերքը, որ խախտում էին օրենքը ու չէին ուզում` մեկը գա ու իրենց ասի` սա ճիշտ է, սա սխալ է: 60-ական թթ. փոքր Երևանը բաժանված էր Կայարանի, Օպերայի, Մոնումենտի, Զեյթունի, Կոնդի գվարդիաների միջև:
-Միմյանց հետ հա՞շտ էին գվարդիաները:
-Բոլորովին, սպանոցի էր: 60-ականների ամենաուժեղ գվարդիան Կայարանինն էր, որ մոնղոլներից «զարտուղի» ճանապարհներով մեծ արագություն էր ժառանգել և մարտավարություն` գալ, ջարդել, հեռանալ: Խրուշչովյան հալոցքի տարիներին գվարդիաներին սանձելու խնդիր առաջացավ: Խնդիր, որ պետությունը չէր կարող լուծել ռեպրեսիոն ապարատով, որ բավականին փոքր էր` 1-ը` 1000-ի, տեղ-տեղ 10000-ի հարաբերությամբ: Գվարդիաների ողնաշարը ջարդեց պանծալի կոմերիտմիությունը: «Կոմերիտական շտաբ», «Կոմերիտական լուսարձակ» անունները Ձեզ գուցե ոչինչ չեն ասում, բայց ավելի տարիքովները գիտեն: Նրանց հանիրավի տրվեցին միլիցիայի աշխատակցի իրավունքներ, ստեղծվեց նոր կառույց` МООП` հասարակական կարգի պահպանության նախարարություն, որտեղ զրոյական վիճակի բերվեց գործակալական ցանցը և շեշտը դրվեց ուժի վրա:
-Սխալ չէ՞ր:
-Սխալ էր, որ հանցագործ աշխարհին ծաղկելու հնարավորություն էր տալիս: Երբ կոմերիտական շտաբները ջարդում էին գվարդիաներին, գաղափարախոսական հենքով սկսեց վերականգնվել օրենքով գողի կարգավիճակը: Իրավիճակի ախտորոշման ու ելքերի համար 1961-ին գումարվեց Ռոստովի сходка-ն, որը կանոնակարգեց` ի՞նչ է օրենքով գողը, բնականաբար, բանավոր, որովհետև ներքին կանոնադրությունը գրավոր ոչինչ ունենալու իրավունք չէր տալիս: Հենց այդ պատճառով արխիվներում հիշատակություն չկա, թե ովքեր են եղել առաջին օրենքով գողերը: Նույնիսկ հատուկ արխիվների արխիվարիուսները ոչինչ չգիտեն: Ռոստովում ընդունված կանոնակարգի ամենագլխավոր կետը` գողն իրավունք չուներ, իր հագուստներից բացի, այլ սեփականություն ունենալ: Երբ աշխատանքի բերումով Երևանում գնում էի օրենքով գողերի տուն խուզարկության կամ ձերբակալության, միայն կիսաջարդ կահ-կարասի էր: Այսօր Եվրոպայի, Մոսկվայի, Հեռավոր Արևելքի смотрящий-ները միլիարդատերեր են, որ չորրորդ տրանսֆորմացիայի ծնունդն են: Օրենքով գողերը, որոնց հետ շատ եմ շփվել, որպես կանոն, հիվանդ մարդիկ էին, որովհետև գողը չէր կարող ենթարկվել ճամբարի պետին, չէր կարող լացկանի վրա համարանիշ ու անուն-ազգանուն կրել մյուսների նման: Չէ՛ր կարող, պիտի գնար БУР` խստացված ռեժիմի բարաք: Օրենքով գողը ճամբարի պետի առաջ գլխարկը չպետք է հաներ, չէ՞ր հանում, БУР էր գնում: БУР-ից երկու ճանապարհ կար` կամ տուբդիսպանսեր, որովհետև այդ սննդի, այդ սառնամանիքի, գարնանն այդ գարշահոտության ու խոնավության պայմաններում իրեն լավ էր զգում միայն Կոխի ցուպիկը: Կալանավորները դառնում էին թոքախտավոր, կամ էլ` արդեն ոչ մի տեղ չէին գնում, տանում էին: Ես տեսել եմ այդ թվականների օրենքով գողերին` շատ հիվանդ և ոչինչ չունեցող մարդիկ էին, որ պատերազմի տարիներին հաց գողանալով էին գող դարձել, որովհետև տնեցիները սոված էին:
-Վերադառնանք 90-ականներին, ինչպե՞ս վերասերվեցին օրենքով գողերը:
-Ցանկացած գաղափարախոսություն արտաքին գործոնների տակ տրանսֆորմացվում է, տրանսֆորմացիայի ենթարկվեց և գողական աշխարհը, որ ուզում էր իր մասն ունենալ համախառն արտադրանքից: 70-ականներին գողականները սկսեցին զարգանալ ներքին գործերի նախարարության աչքի առաջ: Այն ժամանակ Սովետական Միությունում ներքին գործերի նախարարությանը կից գործում էր գլխավոր հետազոտական ինստիտուտ, որը բացահայտում էր ցանկացած քրեածին, հասարակական նորմերից շեղվող երևույթները և քրեական հետախուզությանը տալիս էր դրանց դեմ պայքարի ուղեցույցներ: Այդ ինստիտուտի հետազոտությունների արդյունքում ծնվեց մի հրաման, որը օրենքով գողերին վերաբերող աշխատանքներն էր ուղղորդում: Հրամայվում էր աշխատանքներն ակտիվացնել և օրենքով գողերի վերաբերյալ ներկայացնել անձնական հաշվետվություններ` բնակության վայրի, տեղաշարժի, ապրելու միջոցների մասին: Խրուշչովյան հալոցքից հետո առաջացել էր նոր շերտ հասարակության մեջ` ցեխավիկները: Ամբողջ երկիրն ապրում էր որոշակի մետրաժով` բնակչության 90 տոկոսն ուներ նույն եկամուտները և նույն սպառումը: ՈՒմ տունն էլ մտնեիք, սառնարանում նույն մթերքն էր, հագուստ-կապուստը նույնն էր, բարձր աշխատավարձ ստանալու որոշ արտոնություններ ունեին որոշակի խումբ մարդիկ: Հալոցքից հետո Կովկասում և Միջին Ասիայում հարուստների նոր շերտ առաջացավ ու տարածվեց դեպի Ռուսաստան, նրանք հիմնեցին արտադրություններ, որոնց ապրանքը սկսեց ընդհանուր շուկա մտնել` ԽՍՀՄ-ի անծայրածիր ապրանքային շուկան, որը հագենալ չգիտեր: Նոր հարուստները իրենց հետ բերեցին նոր օրենքով գողեր, ովքեր որոշեցին, որ «մեր տուժված ախպերը», որ БУР-երից եկել է, թոքախտավոր ու աղքատ, крысняк-ը պիտի հոգ տանի նրա բուժման ու կարգին ապրուստի համար: Դա դեռ բանավոր փոխհամաձայնություն էր, որ որոշակի կապեր առաջացրեց: Դժվար էր 100 ռուբլի ստացող ինժեներին պարտադրել այդ խնդիրը, բայց 100-անոցները նկուղում շարած ցեխավիկն ուղղակի պարտավոր էր մտածել «մեր տուժված ախպոր» լավ ապրուստի մասին: Ցեխավիկները սկսեցին վճարել, և օրենքով գողերի կարգավիճակը փոխվեց: Ճիշտ է` իրենց անունով գրանցված ոչինչ չունեին, բայց ուտելիքի, հագուստի տեսականին, սպասարկող մեքենաների որակը փոխվեցին: Շուկայական հարաբերությունների հաստատման հետ, երբ կոտրվեց ներքին գործերի նախարարությունը, կրկնվեց այն իրավիճակը, ինչ կար ցարից բոլշևիզմին անցման ժամանակ: Ոչ նախարարության, ոչ քրեական հետախուզության աշխատակիցը չգիտեր` վաղն ինքը աշխատանք կունենա՞, թե՞ ոչ: Հիշեք` մի կողմից պատերազմը, մյուս կողմից` 88-ի ավերիչ երկրաշարժի հետևանքները, անկայուն ժամանակահատվածում գողական աշխարհը նոր տրանսֆորմացիա ապրեց: Մոռանալով 1961-ի Ռոստովի сходка-ի բանաձևերը սեփականության վերաբերյալ, գողերի մի փոքր մասը դարձան օլիգարխներ: Նրանք, ովքեր ճշտի ու սխալի արանքում գերադասեցին ճիշտը, մնացին հին կատեգորիայի մակարդակին: Օլիգարխացած գողերն արդեն իրենց հայացքը գցում էին իսպանական լողափեր ու Մայամի. փոխվեց աշխարհագրությունը, աշխարհագրության հետ` հնարավորությունները և գումարների տիրապետելու ցանկությունը. սեփականաշնորհվեցին բանկեր, գործարաններ, ֆաբրիկաներ: 30-ականների мазанный-ները էլ չկային, նրանց փոխարինեցին քիլլերները, որ գումարն ու զենքը վերցնում էին ու գնում պատվերը կատարելու` մինչև իրենց պատվերն իջեցվեր: Կյանքը փոխվեց:
-Նոր տրանսֆորմացիան գողական աշխարհի դեմ պայքարի նոր միջոցներ չհնարե՞ց:
-Մենք հնարավորություն չունենք լուրջ պայքարելու, որովհետև մեր ֆինանսավորումը և հանցագործ աշխարհի ֆինանսավորումը ծիծաղելի է համեմատելը: Քրեական հետախուզության տեսուչն ապրում է պարտքից պարտք և օրվա չոր հացի խնդիր ունի լուծելու, հանցագործ աշխարհը կարմիր խավիարով օրը սկսում, սևով ավարտում է:
-Այսօր գողական աշխարհի գաղափարախոսությունը դառնում է հասարակության գաղափարախոսություն, որը ոչինչ չի հակադրում, որը իդեալներ չի գտնում, որը չի էլ պաշտպանվում: Ինչո՞ւ:
-Այսօր «լրջագույն» քայլեր են կատարվում, առաջինը պետական կառույցների վիճակն է, որտեղ քրեական հետախուզության պետից սկսած մինչև տեսուչ չեն վճարվում իրենց կատարած աշխատանքի համեմատ, երկրորդ` անհամաչափ մեծ գումարներ են ծախսվում սերիալների նկարահանման վրա, որտեղ գովերգվում է գողական աշխարհն իր բարքերով, օրենքներով, կենսակերպով, և պարտադրվում է հասարակությանը:
-Գիտակից մարդն ընտրության իրավունք ունի:
-Այո, ունի` թերթ կարդալ, որտեղ նույն պատմությունները տիրաժավորվում են այլ ժանրով: Մենք պետք է ունենանք ոչ թե գողականի վերաբերյալ սերիալներ, այլ սերիալներ այն տեսուչի մասին, որ կանխում է հանցագործությունն ու բացահայտում: Ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ. օրենքով գողն ունի մարդու լրջագույն կոդեքս, ներքին վարկանիշ, որը հղկվել է ծանրագույն պայմաններում և վերասերվել է այնքան, որքան վերասերվել է հասարակությունը: Խնդրի պատասխանը որոնեք ոչ թե գողական աշխարհում, այլ հասարակության արժեհամակարգում:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Հ. Գ.- Հարցազրույցում օգտագործված ռուսերեն բառերն ու արտահայտությունները, իհարկե, հնարավոր է հայերեն թարգմանել, բայց այս դեպքում թարգմանությունը չի փոխանցում բովանդակությունը, մայրենիի դեմ ոտնձգելու ոչ մի մտադրություն Գուրգեն Եղիազարյանը չի ունեցել, չունեմ և ես:

Դիտվել է՝ 13892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ